Պատանիների համար նախատեսվող առաջիկա հավաքի նախապատրաստական աշխատանքները
Հարգելի ընկերներ, ինչպես գիտեք սեպտեմբերի սկզբին պատրաստվում ենք պատանիների (Իրական դպրոցի սաների) համար հավաք անցկացնել։
Հավաքին մասնակցելու է 120 պատանի, ինչը հավաքների պատմության մեջ մասնակիցների ամենամեծ թիվն է։ Պատանիները 10 օր կապրեն, կմարզվեն, կծանոթանան բնությանը բանակին մոտեցված պայմաններում։
Քանի որ մեր կենտրոնը դեռ չունի գիշերակացի շենքային պայմաններ այդ քանակի մասնակիցների համար, մենք ամերիկյան ռազմական “Ալյասկա” վրաններ ենք գնել։ Այդ վրանները նախատեսված են մինչև 40 կուրսանտի հարմարավետ տեղակայման համար։
Ժամանակավոր կացարանը բարձր շարժունակություն ունի և պարզ է մաքրման տեսանկյունից։ Վրանի կառուցվածքը թույլ է տալիս այն կիրառել որպես զորանոց, վիրահատարան ունեցող շարժական հոսպիտալ, հրամանատարական շտաբ, ուսումնական դասասենյակ և այլն։
Այս կարևոր ձեռքբերումների համար մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր նյութական աջակցություն են ցուցաբերում մեր կազմակերպությանը։
Ուրախությամբ ցույց կտանք արդեն հավաքված վրանները Քարվաճառում, ուսումնական գործընթացի ժամանակ։
Հաշվի առնելով հունիսի հավաքի փորձը, մենք որոշեցինք կտոր գնել կենտրոնի տարածքում ծածկ կարելու համար։
Ծածկի տակ կանցկացվեն ողջ մնալու տեսական պարապմունքներ, շտապ բժշկական օգնության պարապմունքներ, ինչպես նաև ազատ ժամերին պատանիները հնարավորություն կունենան պաշտպանվել արևից և անձրևից։ Այժմ անհրաժեշտ է գնել 200 մետր “Օքսֆորդ” անջրաթափանց կտոր այդ թվով մարդկանց համար անհրաժեշտ տարածություն ծածկելու համար։
Դուք կարող եք օգնել մեզ կահավորել տարածքը և դպրոցականների մարզումների և պարապմունքների համար պայմաններ ստեղծել։