ՀՀ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

ՈՄԱ/VoMA
3 min readMar 7, 2022

Հոդված 29.1. Աշխարհազորը

1. Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

2. Աշխարհազորի նպատակներն են՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.
2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:

3. Աշխարհազորի կիրառումը ներառում է՝

1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.
2) պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ.
3) մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.
4) մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը.
5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության գործընթացին:

4. Աշխարհազորի համակարգը գործում է.

տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:

5. Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:

6. Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը)

խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը:

7. Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը)

խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

8. Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը)

խաղաղ և պատերազմի ժամանակ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալն է:

9. Սույն հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված՝ խաղաղ ժամանակ աշխարհազորային զորամիավորումների և դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարման կարգը սահմանվում է

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:

10. Աշխարհազորային պայմանական բրիդադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով

(այսուհետ նաև՝ աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները՝ պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ համապատասխան համայնքում (Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:

11. Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ՝

1) ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.
2) ով հանդիսանում է զինծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,
3) որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

12. Հավաքագրված աշխարհազորայինների անվանացուցակները և կնքված պայմանագրերը ներկայացվում են

աշխարհազորային շտաբ: Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է համազգեստ և աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխարհազորայիններին հատկացվող համազգեստի նկարագիրը և տարբերանշանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

13. Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվում է

պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխատող աշխարհազորայինների պատրաստության և կիրառման գործընթացի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի պահանջները: Աշխարհազորայինները պատրաստության և կիրառման ընթացքում ապահովվում են անվճար սննդով՝ զինծառայողների համար սահմանված կարգով:»:

Ամբողջական տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.