ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ «ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ»
Ցնցումները ժողովուրդների կեանքում փրկութեան լծակներ են: Անբարոյական է եւ կորած մի ժողովուրդ, եթէ գոյութիւնն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների:
Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգւել: Աղիտաւոր չէ կորուստներ ունենալը, աղիտաւոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն՝ անցեալի դէպքերից խրատւիլ, փորձւիլ, սթափւիլ չիմանալը. պարզ՝ աղիտաւոր է վերագնահատումների անընդունակ լինելը:
Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ եւ հենց իրենք՝ ժողովուրդները: Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դէպքերի առարկայական բնոյթը, այլ մանաւանդ մեր հոգեւոր կեանքի ենթակայական տարրերը:
Պիտի որոնենք, փնտռենք, գտնենք մեր դժբախտութեանց իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վէրքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովուրդի հոգին, որից յետոյ միայն խօսք կարող է լինել բուժումի մասին:
Իսկապէս, ինչո՞ւ պարտւեց եւ բարեկամներից լքւեց հայ ժողովուրդը:
Ո՞վ է մեղաւոր, երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնէական Եւրոպա՞ն. մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը:
– Բոլորը՝ բացի մեզնից,- այսպէս կը տրամաբանէ մեր անուղղայ քաղքենիամտութիւնը:
Այս մտայնութի՜ւնը… գանգատւում, դժգոհում է նա, անիծում է ճակատագիրը եւ կրկնում անվերջ, թէ ընկած ենք աշխարհի մեծ ճամբաների վրայ, թէ աշխարհագրական ճամբաները վատ են:
Այստեղ կայ մի խղճուկ ճշմարտութիւն, բայց դրա հանդէպ ի՜նչ հոյակապ առաւելութիւններ: Չէ՞ որ մեր բարձրաւանդակն անառիկ է, մեր լեռները՝ մէկ մէկ անխոցելի պատնէշներ: Անտեսել այս իրողութիւնը եւ ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան թոյլի, անարիի ինքնարդարացում: Թոյլի ինքնարդարացում – տկարի հոգեբանութիւն: Այստեղ ոչ միայն նախապաշարում կայ, այլ եւ առաքինութեան թերի:
Անարդար կը լինէր հաւատալ հիւանդներին, երբ սրանք գանգատւում են աշխարհից: Աշխարհը պատկերացում է, իսկ պատկերումի աղբիւրը հոգին է:
Հոգու հիւանդութիւն ունին ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից:
Գուցէ իրօք աշխարհի ամենէն անառիկ բարձրաւանդակներից մէկի վրայ բազմած ժողովուրդը անարժան է իր ճակատագրին, բայց ճակատագիրը՝ երբեք ապերախտ: Լինէր հզօր՝ աշխարհի այդ հոյակապ կամուրջի վրայ հրաշքներ կը գործէր հայութիւնը:
Տկար էր, տկարացաւ – դառաւ անարժան իր բնաշխարհին:
Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել՝ իր դժբախտութիւները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութինը յուսալ արտաքին ոյժերից:
Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հաւատի եւ խանդավառութեան, երբ օտարը խոստումներ է կատարում, եւ նոյնքան տարօրինակ հիասթափութեան եւ յուսալքումի, երբ նա դրժում է խոստումները:
Աղիտալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանօրէն այնքան անարժէք է դարձրել, որ անգամ մեր դժբախտութեանց մէջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք: Մենք այնքան անարժէք ենք թւում մեզ, որ չենք կարծում, թէ քաղաքական աշխարհում ոեւէ բանի պատճառ – անգամ դժբախտութեան – մենք կարող ենք լինել: Ամէն ինչ լինում է, գուցէ մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից: Քաղաքական մի կոյր պատեհապաշտութիւն, որ մթագնել է մեր բանականութիւնը անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտութիւն տեսնելու – այն է, թէ մեր դժբախտութիւնների համար մեղաւոր են ոչ թէ բոլորը, բացի մեզնից, այլ նախ եւ առաջ մենք: