#ԱզգԲանակ. Լոռիի նախկին մարզպետ, բժիշկ-ստոմատոլոգ Անդրեյ Ղուկասյանի ՝ ՈՄԱ հավաքից ստացած տպավորությունները

ՈՄԱ/VoMA
3 min readFeb 15, 2022

#ԱզգԲանակ

Սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն նշել էի նախորդ գրառմանս մեջ, հունվարի 28-ից փետրվարի 6-ը ընկերոջս հետ մասնակցեցի ՈՄԱ-ի կազմակերպած 10-օրյա հավաքին, որը առաջին անգամ անցկացվեց Վանաձորում:

Բավականին երկար ժամանակ է, ինչ հետևում եմ այս կազմակերպության գործունեությանը և մեծ ցանկություն ունեի անձամբ մասնակցել հավաքի և, ինչպես ասում են, ներսից տեսնել կատարվող աշխատանքը, իհարկե, նաև անձամբ մարզվել:

Ասել, որ հաճելիորեն զարմացած եմ, կնշանակի ոչինչ չասել: Մարզումները չափազանց հագեցած էին `օրական 18–20 ժամ: Սկզբում ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, քնի պակասն ու ձմեռային եղանակային պայմանները փորձության են ենթարկում դիմադրողականությունդ և կամքդ։ Ինձ համար ամենադժվարը չորրորդ օրն էր, երբ արդեն ուժերս տեղի էին տալիս, և թվում էր, թե արդեն սպառել եմ ամբողջ էներգիաս ու շարունակել անկարող եմ։ Բայց այդ կարևոր պահին չհանձնվելով՝ հատեցի ու անցա անհաղթահարելի թվացող այդ կետը և, ինքս ինձ 《հաղթելով》, հասկացա, որ մնալու եմ մինչև վերջ, ու որևէ դժվարություն այլևս ինձ թուլացնել չի կարող:

Հաջորդ կարևոր դիտարկումը. մեր խմբի մոտ 40℅-ը սփյուռքահայեր էին, ոմանք հայրենիք էին վերադարձել հատուկ ՈՄԱ-ի հավաքին մասնակցելու համար: Եկել էին Շվեդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելոռուսից, Ավստրիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, բոլորն էլ իրենց բնակվելու երկրում զգալի հաջողությունների հասած և կայացած մարդիկ: Մթնոլորտը եղբայրական էր, վստահ եմ, որ այդ մարդկանց հետ միշտ կապը կպահեմ, և հավաքի ժամանակ սկիզբ առած ընկերությունը դեռ համագործակցության շատ ձևեր է ստանալու: Իհարկե, երկար կարող եմ գրել, բայց փորձեմ լինել հակիրճ:

Ուզում եմ կոչ անել բոլորիդ մասնակցել գոնե մեկ անգամ նման հավաքների և գիտելիքների ու հմտությունների մեծ պաշարով վերադառնալ տուն:

Մեծ շնորհակալություն ՈՄԱ-ի ամբողջ թիմին, շատ-շատ կարևոր գործ եք անում: Ձեզ անսպառ եռանդ և մեծ հաջողություններ եմ մաղթում, կարծում եմ՝ ճիշտ ճանապարհով եք գնում և ձեզ հետ հազարավորներին դեռ կտանեք։ ՈՄԱ-ի՝ Վանաձորի նորաստեղծ թիմին մաղթում եմ հզորացում ու էլի հզորացում: Իմ բոլոր ընկերներին, անկախ աշխարհագրությունից, կոչ եմ անում սատար կանգնել Վանաձորի մասնաճյուղին և աջակցել այս կարևոր ու հայրենանվեր գործին։

Հ.Գ. Խաղաղության մասին երազանքները փուչ են, խաղաղությունը պետք է պարտադրել թշնամուն։ Իսկ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ կունենանք հզոր ազգ-բանակ՝ գիտակցելով յուրաքանչյուր անհատի կարևորությունը։

Հ. Հ. Գ. Անկասկած էլի եմ մասնակցելու հավաքների և արդեն ավելի շատ ընկերներիս հետ միասին:

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.