ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է մարտունակությունը։
Զինված ուժերի մարտունակությունը բազմաշերտ հասկացություն է։ Մեկը կառանձնացնի սպառազինությունների քանակն ու որակը, մյուսը ֆինանսական հատկացումները, մեկ ուրիշը իրականացված մարտական գործողություններում ունեցած հաջողությունները։


Բոլորն էլ ճիշտ են։ Բայց մարտունակությունը ունի նաև մարդկային չափում։ Բանակը համակարգ է, որի կատարողականությունը բանակի ինստիտուտի ձևավորման օրից մինչ հիմա ապահովում են մարդիկ։ Ուստի, սպառազինությունների քանակական և որակական հագեցվածությունից զատ, շատ կարևոր է նաև, թե ինչպիսի մարդիկ են ծառայում զինված ուժերում։

Ինչպիսին են մարդկանց պատկերացումները զինված ուժերի նպատակի, գործառույթների, մարտահրավերների մասին և ինչպե՞ս են պատկերացնում իրենց դերակատարությունը այդ գործառույթների կատարման գործում։
Այսինքն, եթե սպառազինությունների քանակն ու որակը կարևոր է, ապա նույնքան կարևոր է, որ զինվորական անձնակազմը կարողանա հմտորեն կիրառել այդ սպառազինությունը։
Հատկապես այն երկրներում, որտեղ բանակը համալրվում է պարտադիր զորակոչով, շատ կարևոր է, որ մարդիկ ունենան բանակի և զինվորական ծառայության, մարտունակության մասին համարժեք պատկերացումներ։ Որքան ավելի լավ պատկերացնենք բանակի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, բանակի գործառույթները և սեփական դերակատարությունը այդ խնդիրների լուծման հարցում, այնքան ավելի մարտունակ զինուժ կունենանք։
Մարտունակության մասին պատկերացումները ձևավորվում են տարբեր շերտերում՝ պատմական անցյալի սխրանքների մասին պատկերացումներից, պատերազմի լեգենդ դարձած հերոսների մասին պատմություններից, մինչ մամուլի հրապարակումներ և բանակի մասին երգեր։


Այս առումով, տարբեր հասարակություններ մարտունակության տարբեր ընկալումներ ունեն։
Կարծում եմ, հայ հասարակությունը ևս իր ուրույն պատկերացումներ ունի մարտունակության վերաբերյալ։ Այդ պատկերացումներում իրենց տեղն ունեն հուզական, երբեմն ոչ ռացիոնալ տարրերը, հիմնված հայի ոգու, անպարտելիության, բնածին հանճարի մասին պատկերացումների վրա։ Նման մոտեցումները, իհարկե, ոգեշնչում և մոտիվացնում են։ Սակայն, մարտունակության մասին ընկալումները պետք է հիմնված լինեն մշտական մարզումների, ուսման, հմտության և աշխատասիրության կարևորության վրա։
ՈՄԱ-ի վարժանքներից դրվագներ
Եվ որքան էլ համարենք, որ հայերը առանձնահատուկ են իրենց խելքով և ոգով, չպետք է անտեսենք գիտելիքի և ուժի կուտակային և ձեռքբերովի լինելը։ Ինչպես նաև չթերագնահատենք հակառակորդին։ Հակառակորդին թերագնահատելը թուլացնում է զգոնությունը, ինչպես նաև արժեզրկում հայկական զինուժի հաջողությունները առաջնագծում։ Չէ որ թույլ թշնամուն հաղթելը դժվար չէ։
Այսպիսով, մարտունակությունը աշխատասիրությունն է, անընդհատ մարզվելը, հմտանալը, համեստությունն է և հակառակորդին չթերագնահատելը։ Սպառազինությունների քանակը և որակը շատ կարևոր է, բայց բավարար չէ մարտունակ լինելու համար, եթե ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ մարտունակ չեն։
Անցնելու ուսուցում 10 օրյա հավաքներում (տարեկան 5–8 անգամ) և վեցամսյա դասընթացներում Երևանում: Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ ՝ www.voma.center